ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամը ոչ միայն կնպաստի ներդրումների ներգրավմանը, այլեւ բիզնեսի նոր մշակույթ կբերի Հայաստան:«Ֆոնդի անդամները բավական ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, եւ նրանք հանդիսանալու են կամուրջ մեր եւ այդ երկրների բիզնես համայնքի միջեւ: Մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում ֆոնդի կայացմանն ու սերտ համագործակցում»,- կառավարության այսօրվա նիստում նշել է Կարեն Կարապետյանը: Նիստի ընթացքում կառավարությունը որոշել է նաեւ «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի հետ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել:Կառավարության հիմնավորվմամբ՝ այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել մեծածավալ մասնավոր ներդրումներ եւ դրանք ուղղել տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների (այլընտրանքային էներգիայի արտադրություն, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ):Ֆոնդը կլինի կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով՝ կիսելով ռիսկերը: Հիմնադրամը բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ: Չլինելով մրցակից առեւտրային բանկերի համար` ներդրողների համար ֆոնդը կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա՝ նվազեցնելով ռիսկերը: Tweet Դիտում՝ 3478