«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության եւ ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում գործարկվել է Էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման ավտոմատացված համակարգը (АСКУЭ), որը 30 րոպե պարբերականությամբ ջրի բացթողման, ծախսի եւ այլ տվյալներ կփոխանցի համակարգչին՝ թույլ տալով կատարել ջրի հաշվարկ ու վերահսկում:Պատասխանատուների հիմնավորմամբ՝ նոր համակարգը թույլ կտա խուսափել ջրային կորուստներից եւ բարձրացնել էներգախնայողության մակարդակը:Ներկայում ՀՀ ոռոգման մեխանիկական համակարգում օգտագործվում է 930 էլեկտրական հաշվիչ: Մինչեւ 2016թ. ՀԷՑ-ի կողմից 103 ինդուկցիոն էլեկտրական հաշվիչ փոխարինվել է ժամանակակից եւ առցանց տվյալներ հաղորդող АСКУЭ էլեկտրական հաշվիչներով: Նախատեսվում է, որ մինչ 2017թ. ոռոգման շրջանի մեկնարկը մնացած 827-ը եւս կփոխարինվեն ժամանակակից հաշվիչներով:АСКУЭ հաշվիչներն արտադրվել են Հայաստանում եւ հանդիսանում են ՀԷՑ-ի սեփականությունը:ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր բիզնեսում կարեւոր բաղադրիչ է հաշվառման հստակությունը:«Էլեկտրոնային համակարգը կկատարելագործի աշխատանքն ու կբերի կորուստների նվազեցման, ֆինանսական հոսքերի կառավարման բարձրացման: Հաշվիչներն արտադրված են Հայաստանում, լիարժեք համապատասխանում են միջազգային բոլոր նորմերին: Այս ծրագրի արդյունքում բոլոր պոմպային հորերում էլեկտրաէներգիայի արտադրությունը կվերահսկվի մեկ վահանակի կողմից, որի տեղեկությունը հասանելի կլինի մեզ եւ Ջրային պետական կոմիտեի ու տեղական ընկերությունների կառավարիչների համար»,- ասել է Կարեն Հարությունյանը:Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը եւս նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը ջրային ոլորտի համակարգում կբերի կորուստների նվազեցմանն ու ջրի բալանսավորմանը: Tweet Դիտում՝ 5454