«Պրոֆպանել» ընկերությունը Հայաստանում առաջիկայում նախատեսում է արտադրել առաջին արեւային վահանակները։ Ինչպես նշել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում, այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը «եզակի կլինի տարածաշրջանում»։ Փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով` արեւային վահանակների արտադրությունը Հայաստանում կսկսվի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում, այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի շուրջ 315 մլն դրամի ներդրում, որի շրջանակում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։ «Ընկերությունը մտադիր է սկզբնական շրջանում արեւային վահանակներ մատակարարել ներքին շուկային, հաջորդ փուլերում դրանք կարտահանվեն նաեւ տարածաշրջանային եւ այլ երկրներ»,- ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ կառավարությունը նախօրեին որոշել էր «Պրոֆպանել» ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակում ազատել մաքսատուրքից՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման համար: Tweet Դիտում՝ 6722