«Տաշիր Ինվեստ Գրուպ» ընկերությունն իր Armenian Brands նախագծի շրջանակում նախատեսում է «Տաշիր» առեւտրի կենտրոնում ձեւավորել առանձնացված հարթակ, որտեղ կտեղակայվեն հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ արտադրող բացառապես հայկական ընկերություններ: Armenian Brands նախագծի ղեկավար Մարիաննա Քաբաբյանը Banks.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս որոշումը, նշել է, որ առեւտրի կենտրոնի մեկ հարկն առանց վարձավճարի կտրամադրվի հայրենական արտադրողներին, որոնք կվճարեն միայն կոմունալ ծախսերի դիմաց:«Ընկերությունն այս քայլով փորձում է խթանել հայրենական արտադրությունը: Սկսնակ եւ արդեն կայացած ընկերությունները հնարավորություն կստանան մեկ հարթակով ներկայանալ հանրությանը՝ պայքարելով այն ներմուծողների դեմ, որոնք խախտում են առողջ բիզնես ցիկլը: Վերջիններս շուկա են ներմուծում ցածր գներով անորակ ապրանքներ, որոնց ֆոնին հայկական շատ ավելի որակյալ արտադրանքը դիտվում է որպես միջինից թանկ, ինչը խոչընդոտում է տեղական արտադրության զարգացումը»,- ասել է Մարիաննա Քաբաբյանը: Նա ընդգծել է, որ հայկական արտադրողներին մեկ միասնական հարկի տակ հավաքելով՝ զբոսաշրջիկների եւ ներքին սպառողների համար ավելի հեշտ է դառնում գտնել այս ընկերություններին:Հարթակի բացումը նախատեսվում է մոտ ժամանակներս, սակայն կոնկրետ ժամկետներ դեռեւս չկան: «Շինարարական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնում է միայն ներքին հարդարման աշխատանքներն ու կահավորումը, որից հետո հայ արտադրողները կներկայանան հանրությանը»,- նշել է նա:Մարիաննա Քաբաբյանի խոսքով՝ առեւտրի կենտրոնի նորաբաց հարթակում կներկայացվեն Անահիտ Սիմոնյանի, Վահան Խաչատրյանի, Արամ Նիկոլյանի, Ալիսա Հարությունյանի, Գայանե Մարտիրոսյանի դիզայներական աշխատանքները:Armenian Brands նախագծի շրջանակում ներկայացված կլինեն «Պռեգոմեշ», Sali, RAF KANIAN, Ava Shoes, Avava, Armos, «Ալեքս տեքստիլ» եւ այլ ապրանքանիշեր: Tweet Դիտում՝ 49946