Արարատբանկը փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկավորելու նպատակով $10 մլն է ներգրավել The OPEC Fund for International Development (OFID) ֆինանսական կազմակերպությունից: Ինչպես հայտնել են Արարատբանում, վարկային պայմանագրի շրջանակներում բանկը կտրամադրի մինչեւ $ 500 000 սահմանաչափով վարկեր արտադրության, սպասարկման, առեւտրի եւ գյուղատնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ներին: Շրջանառու միջոցների համալրման, կապիտալ ներդրումների, հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով վարկերը կտրամադրվեն մինչեւ չորս տարի մարման ժամկետով` 10-11% դրույքաչափով: Պայմանագիրը ստորագրել են Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը եւ «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:OFID-ի հետ սա բանկի համագործակցության առաջին ծրագիրն է: Համագործակցության մեկնարկը Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը բացատրել է այն փաստով, որ Արարատբանկը Հայաստանում ՓՄՁ վարկավորման ոլորտի խոշոր խաղացողներից է եւ մասնաճյուղային լայն ցանցի առկայության շնորհիվ կապահովի ֆինանսական հոսքերի հասանելություն մարզերում գործող ՓՄՁ-ների համար: Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, իր հերթին, բարձր է գնահատել կազմակերպության օժանդակությունը Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հարցում: Նա վստահեցրել է, որ Արարատբանկի հետ OFID-ի համագործակցությունը կողմերի համար կլինի ոչ միայն արդյունավետ, այլեւ շարունակական: OFID-ը զարգացման ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976 թ-ին OPEC-ի (Նավթարդյունահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից եւ ֆինանսական աջակցություն է տրամադրում OPEC-ի անդամ չհանդիսացող երկրներին: OFID-ը մասնավոր հատվածի եւ առեւտրի ֆինանսավորման ծրագրերի շրջանակում ընդհանուր առմամբ $ 42 մլն-ի չափով ֆինանսավորում է տրամադրել հայաստանյան չորս բանկերի եւ հասարակական հատվածում ներգրավված չորս ծրագրերի` երկրի տնտեսության տարբեր ոլորտներում ՓՄՁ վարկավորման նպատակով: Tweet Դիտում՝ 2166