ՀԱԱՊ-ին մտահոգել է այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքի նախագիծը

05.05.2014 | 18:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Ամերիկայի Առեւտրի Պալատը (ՀԱԱՊ) իր խորին մտահոգությունն է հայտնել «Հայաստանում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եւ հանդես եկել հայտարարությամբ:

Banks.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«ՀԱԱՊ-ը hայտնում է իր խորին մտահոգությունը Հայաստանում այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Գիտակցելով, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հարկային ստուգումների առկա ընթացակարգերի անկատարությունները շտկելու գաղափարով, այդուհանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող մոտեցումը հեռու է լավագույնը լինելուց` մասնավորապես.

- Հարկային մարմինների կողմից այլընտրանքային հարկային ստուգումների պրակտիկա գոյություն չունի որեւէ այլ երկրում: Փոխարենը լայն տարածում ունի «այլընտրանքային ստուգման աութսորսինգ» գաղափարը, երբ ստուգումն իրականացվում է անկախ աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից:  Այս տեսանկյունից կասկածելի է միջազգային հաջողված փորձի ներդրման փոխարեն չփորձված եւ հակասական մոտեցումների կիրառման նպատակահարմարությունը: Մեր համոզմամբ, ստուգում եւ այլընտրանքային ստուգում իրականացնող մարմինների համատեղումը կարող է ստեղծել հարկային օրենսդրության հետագա բարդացման թաքնված շարժառիթներ:

- Օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել ՊԵԿ-ի կողմից «անհավասար» վերաբերմունքի դրսեւորմանը այլընտրանքային ստուգում պատվիրած եւ չպատվիրած կազմակերպությունների նկատմամբ, քանզի վերջիններս առաջարկվող ծառայությունից չօգտվելու համար կարող են հայտնվել առավել խստացված ստուգումների ենթակա ռիսկային ընկերությունների ցանկում:

- Հասկանալի չէ, թե ինչ հիմքերով է ձեւավորվել այլընտրանքային ստուգման համար նախատեսվող վճարի չափը՝ 10-500 մլն դրամ: Եթե այն համեմատենք Հայաստանի շուկայում իրականացվող ֆինանսական հաշվետվությունների աուդիտի հետ, որը որպես բաղկացուցիչ մաս ներառում է նաեւ հարկային պարտավորությունների ստուգում, ապա սահմանված սանդղակի նույնիսկ նվազագույն 10 մլն. դրամ վճարը մինչեւ 5 անգամ գերազանցում է փոքր բիզնեսին մատուցվող աուդիտորական ծառայության վճարը: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ փոքր ու միջին բիզնեսը կհայտնվի խիստ անհավասար պայմաններում խոշոր բիզնեսի նկատմամբ:

- Օրինագծի ընդունումն ու կիրարկումը կարող է հանգեցնել տվյալ ոլորտում ՊԵԿ-ի կողմից մենաշնորհային դիրքերի հաստատմանը` այսպիսով խոչընդոտելով մասնավոր ընկերությունների շրջանում առողջ մրցակցության ձեւավորմանն ու հարկատուների համար նշված ծառայության հետ առնչվող ծախսերի կրճատմանը:

- Այլընտրանքային հարկային ստուգումները չեն կարող փոխարինել ֆինանսական հաշվետվությունների աուդիտին, ինչպես նշում է ՊԵԿ-ը, քանզի այս երկու ստուգումները բոլորովին տարբեր նպատակներով իրականացվող ստուգումներ են:

- Նախագիծը լուրջ հարված կհասցնի տնտեսական մրցակցությանը, քանի որ այն հարցականի տակ կդնի աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից օգտվելու նպատակահարմարությունը:

- Նախագիծը կարող է հանգեցնել գործազրկության մակարդակի աճին, քանի որ ներկայումս փոքր աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը պայմանավորված է գործող օրենքի պահանջներով: Որոշ կազմակերպություններ կարող են ուղղակի ոչ մրցունակ դառնալ նախագիծը ընդունելու դեպքում:

- Այլընտրանքային հարկային ստուգումների ներկայացված մոդելի ներդրման արդյունքում երկարաժամկետ առումով նվազելու են հարկային մուտքերը ՀՀ պետական բյուջե:

Հիմնվելով վերոնշյալի վրա՝ միությունը հորդորում է ՀՀ կառավարությանը շարունակել հիմնվել միջազգային լավագույն պրակտիկայում ընդունված եւ փորձված մոտեցումների վրա»:

Դիտում՝ 2152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW