Երեւան: Մեդիամաքս: Փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր ասել է, որ գործատուները կարող են մինչեւ սեպտեմբերի 30-ը պարտադիր կուտակային վճարներ չկատարել` հղում կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման 6-րդ կետին:«Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ որեւէ կերպ չի հիմնավորել, թե արդյո՞ք անհրաժեշտություն կար օրենքի հակասահմանադրական եւ անվավեր ճանաչված հոդվածներն ուժը կորցրած համարելու վերջնաժամկետը սահմանել որոշման հրապարակումից 6 ամսիս հետո»,- ասել է փաստաբանը: Նորայր Նորիկյանը նկատել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման մեջ ավելի շատ քաղաքական կամք կա, քան մասնագիտական վեճ. «Օրենքի եւ պարտադիր կուտակային բաղադրիչի տապալման վերջանան ակորդը դրեց Սահմանադրական դատարանի որոշումը»,-ասել է նա: Անդրադառնալով վճարումների ետ վերադարձնելուն` փաստաբանը նշել է, որ օրենքի ուժով քաղաքացիները կարող են դիմել դատական ատյան` խախտված իրավունքի վերականգման համար:Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւս չի շտապել հորդորել գործատուներին կատարել պարտադիր վճարները` նշելով, որ նախ կսպասեն նոր կառավարության արձագանքին, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկեն գործատուների իրավունքների պաշտպանության համար:«Պայքարելու ենք, որ գործատուների նկատմամբ պարտադիր կուտակումներ չվճարելու մասով տույժ ու տուգանքը վերանա, քանի որ կենսաթոշակի համար վճարում չկատարելը ձեռնարկատիրական գործունեություն չէ»,- ասել է Գագիկ Մակարյանը: Tweet Դիտում՝ 1976