ՀՀ կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության ոլորտին մատչելի վարկերի տրամադրման քաղաքականությունը, որին ձեռնամուխ է եղել 2011 թվականին: Այս մասին այսօր հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:«2011-2013թթ. տրամադրվել է 54.7 մլրդ դրամ ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար՝ 6 տոկոսային կետը: 2013թ. երկու փուլով տրամադրվել է շուրջ 22.5 մլրդ դրամի վարկային միջոց: 2011թ. ի վեր վարկառուների թիվը եղել է 83.7 հազար միավոր», - ասված է հաղորդագրության մեջ:Այսօրվա նիստում նախկին որոշման փոփոխությամբ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014թ. համար սահմանվել է ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պետք է շատ ակտիվ մենք այս ծրագրերը ներկայացնենք: Տեղեկատվական դաշտում ես նկատում եմ, որ մարդիկ երկու կոպեկ փող են ծախսում գյուղացիներին օգնելու համար, բայց 200 մլն ծախսում են իրենց փիառի համար: Լավ, իրենց փիառն անում են, թող անեն, բայց կառավարությանն ինչի՞ են վարկաբեկում, որ կառավարությունն, իբր, ոչ մի օգնություն ցույց չի տալիս գյուղացիներին: Սա ի՞նչ խայտառակություն է: Մենք պետք է ակտիվ լինենք եւ այս ծրագրերը ներկայացնենք տնտեսություններին, որոնք այս օժանդակության կարիքն ունեն: Ակնհայտ է, չէ՞, որ մենք 100-ապատիկ ավելի շատ ենք տալիս, քան այդ «բարեգործները», որ գիշեր-ցերեկ միայն իրենց փիառի մասին են մտածում»: Tweet Դիտում՝ 2100