ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է գյուղատնտեսության ոլորտին տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014թ. համար սահմանվել ապրիլի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը: Նիստում նշվել է, որ ոլորտի վարկավորման շրջանակներում 2013-ին երկու փուլով տրամադրվել է շուրջ 22.5 մլրդ դրամի վարկային միջոց: Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման եւ ախտորոշիչ հետազոտությունների ծրագիրը, որի նպատակն է պահպանել հակահամաճարակային կայուն վիճակը, միջոցներ ձեռնարկել բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախտ, դաբաղ եւ մի շարք այլ հիվանդությունների դեմ: Ծրագրի համաձայն, այս տարի եւս անհրաժեշտ չափաքանակներով ձեռք կբերվեն անասնաբուժական պատվաստանյութեր, ախտորոշիչ միջոցներ եւ ախտահանիչներ, կիրականացվեն հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ: Նիստում հաստատվել է նաեւ կարտոֆիլի եւ լոլիկի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն, Արարատի եւ Արմավիրի մարզերում ֆերոմոնային թակարդների օգնությամբ կճշտվեն նշված վնասատուների արեալները, դրանց դեմ քիմիական պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները: Tweet Դիտում՝ 2184