Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնաց անփոփոխ` 7.5 տոկոս

25.03.2014 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի այսօրվա նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%:

ԿԲ-ում նշել են, որ 2014 թ. փետրվարին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փետրվարի վերջին կազմել է 4.6%:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:          

Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում զգալիորեն ավելացել են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:

Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. սկզբին պահպանվել են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերով:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը՝ տարեվերջից 12-ամսյա գնաճը ձևավորելով իր նպատակային մակարդակի շուրջ:

Միևնույն ժամանակ, համախառն պահանջարկի աճին կնպաստի նաև տարեսկզբից արձանագրված դրամի արժեզրկումը և փետրվարին ԿԲ կողմից դրամային պարտավորությունների դիմաց պահուստավորման նորմատիվի իջեցումը:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով կճշգրտվեն դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Դիտում՝ 1312
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW