ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն այսօր ասել է, որ 2014-ի համար ԿԲ-ն կանխատեսել է տրանսֆերտների 7-9 % աճ, ինչը մի փոքր պակաս է, քան կանխատեսվում էր 2013-ին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԿԲ խորհրդի անդամը նշել է, որ կանխատեսում կատարելով՝ ԿԲ-ն մի փոքր ավելի զգուշավոր է գտնվել. «Հունվարի եւ փետրվարի առաջին կեսի օպերատիվ տվյալներով, տրանսֆերտների մոտ 10% աճի տեմպը պահպանվում է, հուսով ենք, որ ՌԴ միգրացիոն քաղաքականության հետ կապված իրավիճակը որոշակիորեն կփոխվի, եւ այս առումով էական նվազում չենք ունենա»:Խոսելով ռուսական ռուբլու արժեզրկման եւ ՀՀ տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության մասին` Արթուր Ստեփանյանը նշել է, որ «ԿԲ-ի հսկողության ներքո են այն զարգացումներն ու ռիսկերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: Հունվար-փետրվարի դրությամբ որեւէ բացասական ազդեցություն չի նկատվել»: Նրա փոխանցմամբ, եղել է փոխարժեքի որոշակի արժեզրկում, ինչը վճարային հաշվեկշռի սեզոնայնության հետ կապված փետրվար-մարտ ամիսներին մշտապես հանդիպող երեւույթ է. «Ռուսական ռուբլու արժեզրկման սպասումների ներքո այն փոքր-ինչ ավելացել է, սակայն որեւէ արտառոց երեւույթ դեռեւս չկա»:Խոսելով ԱՄՆ դոլարի արժեւորման միտումների մասին` Արթուր Ստեփանյանը նշել է, որ 2012-2013-ին զարգացող երկրներում նկատվել է կապիտալի մեծ հոսք եւ տնտեսական աճի բարելավում:ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանն էլ հավելել է, որ «ԱՄՆ դոլարի արժեւորման գործընթացը որոշակիորեն կանգ է առնում»: Tweet Դիտում՝ 1410