Այսօրվա դրությամբ 170 հազար հայ գաղթականներ Ռուսաստանում գտնվում են «ռիսկի խմբում»:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակից Սվետլանա Ստեպանովան: «Ռիսկի խումբն այն քաղաքացիներն են, ովքեր վաղուց կամ ոչ այնքան վաղուց մուտք են գործել Ռուսաստան, գերազանցել են կացության բոլոր ժամկետները, երկրից դուրս չեն եկել, չեն ստացել աշխատանքի թույլտվություն ու շարունակում են մնալ Ռուսաստանում: Նրանցից ոմանք պարզապես ապրում, ոմանք ել աշխատում են անօրինական: Նրանք գրանցված են մեր բազայում, եւ սահմանը հատելու դեպքում նրանց համար ավտոմատ կերպով կփակվի մուտքը Ռուսաստան»,- ասել է դեսպանատան աշխատակիցը: Նրա խոսքերով, ներկայումս Ռուսաստանը փակել է մուտքը 31.5 հազար ՀՀ քաղաքացիների համար: «2013 թվականին Ռուսաստանը փակել էր մուտքը 23.4 հազար ՀՀ քաղաքացիների համար, եւս 8 հազարի համար այն փակվել է այս տարի»,- նշել է Սվետլանա Ստեպանովան: Նրա խոսքերով, մուտքի փակումը կատարվում է երկու ժամկետով: Առաջին. մուտքը 3 տարով փակվում է այն քաղաքացիների համար, որոնք խախտել են ՌԴ-ում մնալու ռեժիմը, կատարել են երկու կամ ավել վարչական իրավախախտում Ռուսաստանում գտնվելու 3 տարվա ընթացքում: «Մուտքի փակումն արտաքսում չէ: 3 տարի հետո մարդը կարող է վերադառնալ Ռուսաստան: Իսկ այն քաղաքացիների համար, ովքեր ենթարկվել են արտաքսման, մուտքը փակվում է 5 տարով»,- ընդգծել է դեսպանատան աշխատակիցը: Նրա խոսքերով, մուտքի փակման մասին որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՌԴ տարածքում: Սվետլանա Ստեպանովայի ներկայացրած վիճակագրության համաձայն, 2013թ. ընթացքում Ռուսաստան է մտել շուրջ 670 հազար ՀՀ քաղաքացի: Դա 20%-ով գերազանցում է 2012թ. ցուցանիշը (540 հազար): Նախորդ տարվա արդյունքներով, Ռուսաստանում աշխատանքային գործունեություն իրականացրած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 130 հազար մարդ: Նրանք աշխատանքային գործունեություն են իրականացրել` ունենալով աշխատանքի թույլտվություն եւ արտոնագիր: Tweet Դիտում՝ 5797