ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.5%

11.02.2014 | 20:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ  Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի այսօրվա նիստում որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25  տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%:

ԿԲ-ում նշել են, որ 2014թ. հունվարին արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 5.5%՝ համընկնելով իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ: Վերջին ամիսներին գնաճը նվազել է սպասվածից ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված նախանշվածից ցածր տնտեսական ակտիվությամբ եւ հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել եւ հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Շարունակվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները, հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է ոչ գնաճային միջավայր, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում դիտվել է գնանկում: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ, չնայած չորրորդ եռամսյակում տնտեսության որոշ չափով աշխուժացմանը, տնտեսական աճի տեմպերը դեռեւս շարունակում են ցածր մնալ՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազմամբ:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ-ի երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ եւ մասնավոր ներդրումների կայունացմամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանը եւ գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, տարեվերջից 12-ամսյա գնաճը կձեւավորվի իր նպատակային մակարդակի, իսկ տնտեսական աճը՝ իր ներուժի շուրջ:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա են զգալի անորոշություններ արտաքին եւ ներքին տնտեսական զարգացումների առումով, որոնց դրսեւորումներից ելնելով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Դիտում՝ 1808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW