Ռուբեն Վարդանյան. Ամերիաբանկը հաջողության լավ օրինակ է

23.01.2014 | 22:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գործարար, IDeA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «եկել է ժամանակը, որպեսզի Անդրեյ Մկրտչյանը գլխավորի Ամերիաբանկի տնօրենների խորհուրդը, որի անդամը ես շարունակում եմ մնալ»:

Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է hունվարի 23-ի երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչու է թողել Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

«Ես հպարտանում եմ այդ ծրագրով: Սա այն կարեւոր ծրագրերից է, որը դրական երանգ է տալիս Հայաստանում իմ գտնվելուն:

15 տարի առաջ, երբ ծանոթացա Անդրեյ Մկրտչյանի եւ նրա գործընկերների հետ, նրանք քոնսալթինգային բիզնեսը սկսում էին զրոյից, աշխատում եւ մրցակցում էին լավագույն միջազգային ընկերությունների հետ, եւ ինձ համար դա Հայաստանում հաջողության հասնելու խոսուն օրինակ է: Իսկապես, Ամերիաբանկը հաջողության շատ լավ օրինակ է, եւ ես դա գովազդի համար չեմ ասում: Այն, ինչ կատարվեց այս 5 տարիների ընթացքում, ապացուցում է, որ մենք մեզ հաճախ թերագնահատում ենք:

Հայաստանում գործում են 22 բանկեր, այդ թվում` հեղինակավոր միջազգային բանկեր` HSBC, Կրեդիտ Ագրիկոլ, ՎՏԲ, Գազպրոմբանկ: Մեր բանկը գնվել է առանց որեւէ հաճախորդի, փաստացի գնել ենք արտոնագիրը, եւ 5 տարվա ընթացքում տղաները կարողացել են զրոյից հասնել նրան, որ այսօր Ամերիաբանկը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարը գրեթե բոլոր առանցքային ցուցանիշներով: Սա իսկապես հարգանքի է արժանի: Բանկում ես միշտ հանդես եմ եկել պասիվ ներդրողի դերում, օժանդակել եմ թիմին, սակայն գործը նրանք ինքնուրույն են կատարել: Առաջին 5 տարիները կայացման փուլ էին, եւ կարեւոր էր, որպեսզի ես հանդես գայի «երաշխավորի» դերում: Այժմ եկել է ժամանակը, որպեսզի Անդրեյ Մկրտչյանը, ով առաջին օրվանից ղեկավարում էր ողջ խումբը, գլխավորի բանկի տնօրենների խորհուրդը, որի անդամը ես շարունակում եմ մնալ: Ամերիաբանկի Խորհուրդը լավագույններից մեկն է, նրա կազմում, մասնավորապես, ընդգրկված են Ռոբերտ ֆոն Ռեկովսկին` հանրաճանաչ Fidelity ընկերությունից, Նուբար Աֆեյանը, Գոռ Նահապետյանը: Ճիշտ եմ համարում 5 տարին մեկ անգամ փոխել տնօրենների խորհրդի նախագահին: Դա նույնպես նոր մշակույթի եւ նոր չափանիշների մի մասն է` պետք է չէ ամեն ինչ անձնավորել, պետք է ինստիտուցիոնալ հիմքի վրա կառուցել: Ամերիաբանկը գործում է կորպորատիվ ճիշտ սկզբունքներով, եւ շատ լավ է, որ տեղի են ունենում ռոտացիաներ ու փոփոխություններ», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նա նաեւ պատմել է իրա հետագա ծրագրերի մասին:

«Ինձ մոտ անցումային շրջան է: Ավարտում եմ շատ կարեւոր փուլ. 22 տարի ես եղել եմ ներդրումային բանկիր, ղեկավարել եմ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը, որը դարձել է Սբերբանկի մի մասը: Վերջին 2-3 տարին ես աշխատում էի Սբերբանկում: Շարունակում եմ մնալ Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆի խորհրդականը, սակայն ծրագրում եմ ավելի ակտիվ զբաղվել մի քանի ուղղություններով, այդ թվում` բարեգործական ծրագրերով` կապված Հայաստանի եւ կրթության հետ: Ծրագրերի մեծ փաթեթ ունեմ, որոնք շատ կարեւոր է իրականացնել եւ ավարտին հասցնել: Կարեւոր է հետեւողական լինել եւ անել այն, ինչ խոստանում ես: Դա իսկապես բարդ է` շատ բարեգործական ծրագրեր ավարտվում են` դեռ չսկսված:

Շարունակում եմ աշխատել Ամերիաբանկի տնօրենների խորհրդում, ընդգրկվել եմ Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջազգային խորհրդում, ինչը հաճելի է եւ հեղինակավոր է: Աշխատում եմ Ռոսգոստրախի, Սիբուր-ի, այլ ընկերությունների խորհուրդներում: Մնում եմ Բրազիլիայի, Ճապոնիայի ու Չինաստանի բիզնես-դպրոցների տնօրենների խորհուրդների կազմում: Դա տարբեր մարդկանց հետ շփվելու շատ հետաքրքիր հնարավորություն է տալիս:

Պատրաստվում եմ շարունակել ներդրումները տարբեր ընկերություններում, ունեմ բավականին մեծ ներդրումային պորտֆել, մասնավորապես, ԿԱՄԱԶ-ում: Իմ գործընկեր Գագիկ Ադիբեկյանի հետ համատեղ մենք ծրագրեր ենք իրականացնում անշարժ գույքի ոլորտում», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Դիտում՝ 9371
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW