«Լիկվոր»-ը ստացավ ոլորտի առաջին ՊԱԳ հավաստագիրը

10.12.2013 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Լիկվոր» ընկերությունն այսօր ստացավ Հայաստանի  Հանրապետության դեղագործական ոլորտի առաջին պատշաճ արտադրական գործունեություն (ՊԱԳ) հավաստագիրը:

ՀՀ առողջապահության նախարարության` դեղագործության եվրոպական GMP ստանդարտին համապատասխանության հավաստագիրը  փաստում է, որ «Լիկվոր» ընկերությունը դեղերի արտադրության գործընթացում ապահովում է արտադրական բոլոր չափորոշիչների եւ լաբորատոր հսկողության ամբողջական կարգավորումը, գնահատումը եւ վերահսկողությունը։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր խոսքում հավաստագրի հանձնման իրադարձությունը որակել է լուրջ ձեռքբերում առողջապահության ոլորտում` դա համարելով երկարատեւ, համակողմանի եւ համակարգված աշխատանքի արդյունք:

«Որակյալ եւ մատչելի դեղերի շրջանառության ապահովումը յուրաքանչյուր պետության առողջապահական քաղաքականության ռազմավարական խնդիրներից է: Ինչպես ցույց է տալիս զարգացած երկրների փորձը, դեղերի որակի ապահովումը հնարավոր է իրականացնել միայն պատշաճ արտադրական  գործունեության կանոններով արտադրություն իրականացնելու դեպքում»,- հայտարարել է նախարարը:

Հայաստանի Դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանն էլ նշել է, որ ոլորտի զարգացման այս եւ այլ ծրագրերում մասնավոր հատվածն աջակցություն է ստանում թե պետական կառույցներից, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրից (EDMC)։

Հավաստագրի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում բժշկագիտական ավանդական հեղինակավոր համաժողովներից մեկի՝ «Մարդու առողջությունը» 10-րդ ազգային գիտաբժշկական կոնգրեսի շրջանակներում, որը կրում էր «Ազգային դեղեր - միջազգային որակ» խորագիրը:

«Լիկվոր» դեղագործական ընկերությունն ապահովում է Հայաստանում դեղագործական արտադրանքի թողարկման ընդհանուր ծավալների շուրջ 33%-ը, իսկ արտահանման՝ 37%-ը։ Ընկերության արտադրած 55 անվանում ստերիլ դեղաձեւերն արտահանվում են Վրաստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան , Մոլդովա, Բելառուս, ապահովելով ընկերության ընդհանուր վաճառքի շուրջ 65%-ը:

Դիտում՝ 3634
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai