ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ կնքվելիք Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրին:Պայմանագրի շրջանակներում ԵՆԲ-ն Հայաստանին կտրամադրի 60 մլն եվրոյի չափով վարկ՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի ֆինանսավորման համար: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր ասել է, որ գումարը նախատեսվում է ուղղել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի (27,3 կմ երկարությամբ) ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվելու է առավելագույնը 12 տրանշներով` նվազագույնը 5 մլն եվրո գումարով յուրաքանչյուր մասնաբաժնի համար: Տոկոսադրույքը կլինի ֆիքսված կամ լողացող:Բացի այս վարկից, Հյուսիս-հարավ ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է նաեւ Եվրոպական միության հարեւանության ներդրումային գործիքից 12 մլն եվրոյի չափով դրամաշնորհի ներգրավումը` որի մի մասը (6 մլն եվրո) կգումարվի ներգրավվող վարկին, իսկ մյուսի (6 մլն եվրո) շրջանակում կիրականացվի շինարարության վերահսկողությունը: Tweet Դիտում՝ 1310