«Մաքսային ոլորտում կան բազմաթիվ մարտահրավերներ», ասել է ԱՄՆ դեսպանը
27.09.2013 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.edmc.am

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը եւ Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատը այսօր Երեւանում անց են կացրել «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» համաժողովը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են քաղաքացիական եւ ռազմական նպատակներով ապրանքների եւ տեխնոլոգիաների ներկրման եւ արտահանման, փոստային առաքումների եւ մաքսային խախտումների ու լիցենզավորման առնչվող հարցեր:
«Փորձում ենք խթանել Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը` նպաստելով մրցունակությանն ու բիզնես միջավայրի բարելավմանը: Հայկական բիզնեսների համար կենսական նշանակություն ունի թափանցիկ եւ արդյունավետ գործող մաքսային համակարգը: Պետք է աջակցենք, որ Հայաստանը լինի մրցունակ արտաքին առեւտրի ոլորտում»,-ասել է ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի Գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջորջ Ջ. Դոունսը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հավելել է, որ «Հայաստանը դեռ շարունակում է մնալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, որի դիմաց ունի որոշակի պարտավորություններ»:
«Մաքսային ոլորտում կան բազմաթիվ մարտահրավերներ եւ մենք շարունակելու ենք աշխատանքներ տալել ՊԵԿ-ի, ֆինանսների նախարարության, քաղաքացիական հասարակության հետ` դրանց հաղթահարման ուղղությամբ»,-ասել է ԱՄՆ դեսպանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է մաքսային ոլորտում կատարած բարեփոխումները: Նա նշել է, որ «մոտ օրերս շրջանառության մեջ կդրվի Մաքսային օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է վերանայել ֆիզիկական անձանց ուղեբեռերի սահմանաչափերը»:
«Մաքսային համակարգի թերությունները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրողականության, վարկանիշի եւ տնտեսական զարգացվածության վրա: Մեր նպատակն է շտկել թերություններն ու ունենալ մրցունակ մաքսային համակարգ»,-ասել է Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի գործադիր տնօրեն Դիանա Ղազիյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: