Ինեկոբանկը 5 մլն եվրոյի վարկային պայմանագիր է ստորագրել Հարավ-Արեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ՝ Հայաստանի միկրո եւ փոքր ձեռնարկություններին օժանդակելու նպատակով: «Միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման շուկայում Ինեկոբանկի հետագա աճի ապահովումը ամբողջությամբ ներդաշնակ է EFSE-ի կողմից մշակված ռազմավարությանը: 2012թ. ապրիլից մենք արդյունավետ համագործակցություն ենք հիմնել Ինեկոբանկի հետ եւ հետագայում նույնպես ակնկալում ենք աջակցել բանկի կայուն զարգացմանը»,- նշել է EFSE-ի Խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը:«Այս վարկային պայմանագիրը EFSE-ի հետ նոր հնարավորություններ կընձեռի Ինեկոբանկին ընդլայնել վարկավորման ծավալը միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման ոլորտում` նպաստելով երկրի տնտեսության մասնավոր հատվածի կայուն զարգացմանը»,- իր հերթին նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: Հարավ-Արեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը նպատակ ունի խթանել տնտեսական զարգացումը եւ բարգավաճումը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Ալբանիան, Բելառուսը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Ուկրաինան եւ այլն: Համարելով ֆինանսավորման հասանելիությունը միկրո եւ ՓՄՁ ոլորտի զարգացման հաջողության առանցքային գրավական` EFSE-ն աջակցում է տեղական ֆինանսական ոլորտի հզորացմանը եւ զարգացմանը բավարար եւ կայուն ֆինանսավորման ապահովման միջոցով: Tweet Դիտում՝ 1955