ՀՀ պետական բյուջեի 2013թ. հունվար-հուլիս ամիսների եկամուտներն աճել են 19.6%-ով կամ 99 մլրդ դրամով` կազմելով 604.6 մլրդ դրամ:ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանի պարզաբանմամբ, հաշվետու ժամանակահատվածում պետբյուջեում ձեւավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ 9-ամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Ինչպես հայտնում է ֆիննախի մամուլի ծառայությունը, ընթացիկ տարվա 7 ամիսներին պետական գանձարանը համալրվել է 570.2 մլրդ դրամ հարկային եկամուտներով եւ պետական տուրքերով: 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.6%-ով կամ 93.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի եւ եկամտային հարկի, որը բաղկացած է նախկին եկամտահարկից եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներից, աճով: ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1%-ով կամ շուրջ 36.8 մլրդ դրամով, կազմելով 553.4 մլրդ դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Նշված ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 515.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա 7 ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.5%-ով կամ 35.9 մլրդ դրամով: Tweet Դիտում՝ 1402