Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ այսօր այցելել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ:Իվան Վոլինկինը եւ Վարդան Հարությունյանը շրջել են կաթսատուրբինային, քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների եւ ավտոմատիկայի արտադրամասերում, եղել են կայանի կառավարման ավտոմատացված կենտրոնում: Ծանոթացնելով դեսպանին կայանի ընթացիկ գործունեությանը՝ Վարդան Հարությունյանը ներկայացրել է նաեւ լայնածավալ աշխատանքները, որոնք կատարվել են էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման ծրագրի իրականացման փուլերում: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որի շինարարությունն իրականացվել է ռեկորդային ժամկետներում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, եւ նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: 480 ՄՎտ հզորություն ունեցող էներգաբլոկը 2012 թվականի հունվարից միացված է ՀՀ էներգահամակարգին: Ներկայումս կայանը գտնվում է արդյունաբերական-փորձարարական շահագործման շրջանում եւ մինչ օրս արտադրել է շուրջ 1,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել «ՀայՌուսգազարդ»-ի եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ղեկավարությունից այցի համար. «Ծանոթացել եմ 5-րդ էներգաբլոկի գործունեությանը: Սա, իհարկե, ահռելի կառույց է, եւ ես շատ տպավորված եմ: Այն, ինչ ինձ պատմեցին այս չափազանց բարդ օրգանիզմի մասին, շատ հետաքրքիր է: Հուսով եմ, որ հետագայում եւս 5-րդ էներգաբլոկ այցելելու հնարավորություն կունենամ՝ կայանի գործունեությանն ավելի հանգամանորեն, ինչպես նաեւ էներգաբլոկի անձնակազմի հետ ծանոթանալու նպատակով»: Այնուհետեւ Ռուսաստանի դեսպանը Վարդան Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծաղկաձորի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր, ծանոթացել հանգստի համար ստեղծված հնարավորություններին:«Ծաղկաձոր Մարիոթ»-ն արդեն կարողացել է իր ուրույն տեղն ապահովել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման եւ օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու գործում: Հյուրանոցային համալիրը զբաղվածության լուրջ խնդիր է լուծում տեղի բնակիչների համար՝ ապահովելով ավելի քան 200 աշխատատեղ: Tweet Դիտում՝ 1549