ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ունենք երկար տարիների համագործակցության հաջողված ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում եւ կարեւորում այդ համագործակցությունը: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունը», - ասել է վարչապետը: Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան պաշտոնավարման ընթացքում, ՎԶԵԲ-ի նախագահը գոհունակություն է հայտնել համագործակցության հաջող ընթացքից եւ անդրադարձել ՎԶԵԲ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ՓՄՁ զարգացման, գործարար միջավայրի բարելավման եւ մի շարք այլ ծրագրերին:Սումա Չակրաբարտիի խնդրանքով վարչապետն անդրադարձել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանի տնտեսությունում ստեղծված վիճակին, ներկայացրել է տնտեսության զարգացման հեռանկարները եւ մարտահրավերները: Որպես ճգնաժամից քաղած դասեր կառավարության ղեկավարը կարեւորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը եւ բարեփոխումներին նոր թափ հաղորդելը: Տիգրան Սարգսյանը նաեւ մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:Հանդիպումից հետո ստորագրվել է համաձայնագիր` Երեւանի քաղաքապետարանի, «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ:Ըստ համաձայնագրի` ՎԶԵԲ-ը Հայաստանին է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երեւանի 1.1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու նպատակով: Tweet Դիտում՝ 1605