ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Հայաստանում ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով որոշման նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Աթանեսյանն ասել է, որ ներդրողի՝ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված նախնական ներդրումային ծրագիրը կազմում է $ 12-14 միլիոն: «Ընդհանուր ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել բարձր վարձատրությամբ աշխատատեղեր: Կառավարության կողմից այս ծրագրին մասնակցությունը լինելու է 1 հա տարածք տրամադրելը»,- ասել է նախարարը:Վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ կենտրոնի ստեղծումը Ազգային մրցունակության հիմնադրամի կարեւորագույն ծրագրերից մեկն է: «Մեր ներդրողն այս բնագավառի հայտնի ընկերություններից է, որն այս բիզնեսով զբաղվում է տարբեր երկրներում եւ փորձառու ներդրող է մեզ համար»,- նկատել է կառավարության ղեկավարը: Տիգրան Սարգսյանի խոսքով, քանի որ ներդրումային ծրագրի ծավալը գերազանցում է $10 միլիոնը, գործադիրը պատրաստ է ներդրողի հետ քննարկել հարկային արտոնություններ տրամադրելու հարցը: Tweet Դիտում՝ 1232