Երեւանում ավտոկայանատեղի մեկ ժամը կարժենա 100, մեկ օրը՝ 500 դրամ

01.07.2013 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի փողոցներում ավտոկայանատեղի մեկ ժամի արժեքը սահմանվել է 100 դրամ, 1 օրվանը՝ 500 դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություններն իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը:

Նրա խոսքով, մայրաքաղաքում ավտոկայանատեղի կազմակերպելու գործընթացը եւ դրույքաչափերը սահմանել է Երեւանի ավագանին:

Այդ որոշման համաձայն, ավտոկայանատեղի համար սահմանվել են հետեւյալ դրույքաչափերը.

- մեկ ժամի համար` 100 դրամ, ընդ որում կայանելու պահից մինչեւ 5 րոպե տուրք չի գանձվում;
- մեկ օրվա համար` 500 դրամ;
- մեկ շաբաթվա համար` 1000 դրամ;
- մեկ ամսվա համար` 2000 դրամ;
- մեկ տարվա համար (մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12 000 դրամ:

Ավտոմեքենան ժամը 24:00-ից մինչեւ 9:00-ն կայանելու դեպքում տուրք չի գանձվում:

Վազգեն Հարությունյանի փոխանցմամբ,  «վճարովի ավտոկայանատեղին առանձնացված է կարմիր գծանշումներով եւ ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններով, տարածքը հսկվում է  հատուկ տեսանկարահանող սարքերով, որոնք հնարավորություն ունեն 5 րոպե հաճախականությամբ ավտոմատ կերպով ճանաչել ավտոտրանսպորտային միջոցի պետհամարանիշը:

«Կահավորված վճարովի ավտոկայանատեղեր արդեն կան Մաշտոցի պողոտայում, Ամիրյան փողոցում, գծանշման աշխատանքներ են տարվել Կենտրոն համայնքի մի շարք փողոցներում»,- ասել է նա:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի փոխանցմամբ, «ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը մեկնարկել է հունիսից, նախատեսված է ավտոկայանատեղի ունենալ Երեւանի բոլոր թույլատրելի փողոցներում, վարչական շրջաններում»:

Հենրիկ Նավասարդյանը նշել է նաեւ, որ «հուլիսի 1-ից սահմանված կարգով կկիրառվի վճարման նկատմամբ հսկողությունը», եւ կոչ արել «վճարումներ չկատարել ավտոկայանատեղիներում գործող ապօրինի աշխատակիցներին»:

Ավտոկայանատեղերի կազմակերպման նոր գործընթացի համաձայն, տուրքը վճարվելու է անկանխիկ` Telcell տերմինալների, բանկային փոխանցումների եւ բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն կայանատեղիներում առկա տեղեկատվական ցուցանակների վրա:

«Տուրքի վճարման հսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային համակարգերի կիրառման միջոցով, իսկ չվճարողները ենթարկվելու են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության»,- ասել է «Փարքինգ Սիթի սերվիս»-ի տնօրենը:  

Նա նշել է, որ չվճարելու դեպքում կկազմվի հատուկ արձանագրություն եւ վարորդից կգանձվի 5000 դրամ տուգանք, իսկ 48 ժամից ավել առանց տուրքի վճարման կայանելու դեպքում ատոկայանատեղիի կազմակերպչի միջոցներով ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք կտեղափոխվի, որի դեպքում եւս նախատեսվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական տուրք չվճարելու եւ մեքենան հատուկ տարածքում պահպանելու համար տուգանք:

Վճարովի ավտոկայանատեղերը գտնվելու են նաեւ Ճանապարհային ոստիկանության հատուկ հսկողության ներքո`տեսանկարահանող սարքերի միջոցով:

Դիտում՝ 3674
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW