Խմելու ջուրը Երեւանում անսպասելիորեն փոքր-ինչ կէժանանա

11.06.2013 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վաղը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) տեղի կունենա «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություների մատուցման սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:

2011թ. հուլիսի 1-ից Երեւան Ջրի կողմից խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայության սակագինը կազմում է 145,054 դրամ (առանց ԱԱՀ), իսկ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ 174,065 դրամ:

Երեւան Ջուրը ՀԾԿՀ է ներկայացրել 2013-2014թթ. ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտված հաշվարկներ, որոնց համաձայն խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված սակագինը կազմում է 166.044 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), ինչը շուրջ 4.5%-ով պակաս է ներկայումս գործող սակագնից: ՀԾԿՀ կայքում ներկայացված հաշվարկի համաձայն, ճշգրտված սակագինը կազմում է 170.256 դրամ (ներառյալ ԱԱՀ), ինչը եւս ցածր է ներկայումս գործող սակագնից 2%-ով:

Փոխարենն աճի ուղղությամբ են վերանայվել մեծածախ սակագները. խմելու ջրի մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 15.12 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), իսկ ճշգրտվածը` 16.604 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

Ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 31.295 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), ճշգրտված սակագինը` 33.768 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման գործող սակագինը կազմում է 8.966 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), ճշգրտված սակագինը` 9.515 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):
 
Խմելու ջրի մանրածախ սակագինը Երեւանում դեպի նվազում է վերանայվում առաջին անգամ՝ սկսած 2006թ-ից, երբ ֆրանսիական Veolia Water ընկերությունը մինչեւ 2016-ը վարձակալել է Երեւանի եւ հարակից տարածքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը, որը կառավարում է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի միջոցով:

Երեւան Ջուր-ը պարտավորվել էր նվազեցնել սակագները դեռեւս 2006-ին՝ ջրի կորուստների նվազեցման եւ սպառման ավելացման շնորհիվ, սակայն մինչ այժմ դրանք ճշգրտվում էին դեպի բարձրացում:

Անցյալ տարի Մեդիամաքսն անդրադարձել է Երեւանում ջրի կորուստների թեմային:

Դիտում՝ 2145
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW