«Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր ասել է, որ Ամուլսարի ծրագիրը միջազգային առաջին նախագիծն է Հայաստանում, որը միավորել է միջազգային հեղինակավոր ինստիտուցիոնալ ներդրողներին:Անդրադառնալով «Գեոթիմ»-ի հասցեին հնչող քննադատությանը, Հայկ Ալոյանը նշել է.«Ընկերությունը դեռեւս որեւէ եկամուտ չի ստացել Ամուլսարից եւ արդյունաբերությունը նախատեսվում է սկսել 2015 թվականից: Սակայն 2007-ից ի վեր արդեն $ 50 միլիոն ներդրում է իրականացվել ծրագրում, ապահովելով բարձր վճարվող աշխատատեղեր, տնտեսական զգալի ակտիվություն եւ շոշափելի սոցիալական առաջընթաց շրջակա գյուղերում: Ծրագրի ազդակիր համայնքներում այսօր ներգաղթ է գրանցվում: Գեոթիմն այսօր ապահովում է ոչ միայն ավելի քան 160 աշխատատեղ շրջակա գյուղերում, այլեւ իր թիմում ունի բարձրակարգ հայաստանյան մասնագետներ՝ երկրաբանների, ինժեներներ, քարտեզագետներ, էկոլոգներ, կենսաբաններ եւ այլն»:Հայկ Ալոյանն ընդգծել է, որ «երբ ծրագիրը կսկսի եկամուտ բերել, ընկերությունը մոտավոր հաշվարկով ստանալու է արդյունահանվող մեկ ունցիա ոսկու արժեքի 24%»: «Մոտավորապես նույնքան՝ 22% ստանալու է պետական բյուջեն՝ միայն վաճառքից ստացված հարկերի եւ ռոյալթիների տեսքով: Մնացած 54%-ը կապիտալ ձեռքբերումներն ու գործառնական ծախսերն են, որոնց մի զգալի մասը նույնպես ներդրվելու է Հայաստանում՝ աշխատավարձերի, շինարարության, ծառայությունների դիմաց վճարների եւ այլ ծախսերի տեսքով»:«Հայաստանը կարող է ունենալ միջազգային զգալի ներդրումների եւ հանքարդյունաբերության ոլորտի կայուն եւ բնապահպանական տեսանկյունից լավ կառավարվող զարգացման հնարավորություն, որից կշահեն երկիրն ու ժողովուրդը: Ժամանակակից տեխնոլոգիաները ընձեռում են հանքային ծրագրերի լավագույն բնապահպանական կառավարման բոլոր հնարավորությունները եւ աշխարհում նման հարյուրավոր օրինակներ կան: Լավ կառավարվող հանքարդյունաբերությունը կարող է զգալի ներդրում ունենալ տնտեսության մեջ՝ միաժամանակ ապահովելով բարեկեցություն եւ բնապահպանական խնդիրների պատշաճ լուծումներ», - եզրափակել է Հայկ Ալոյանը: Tweet Դիտում՝ 2845