Ամերիկյան Apple կորպորացիան նախատեսում է կազմակերպել $17 մլրդ-ի ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկում, որը կդառնա խոշորագույնը ընկերության պատմության մեջ: Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, վկայակոչելով Reuters-ը, ընկերությունը մտադիր է 3 տարի ժամկետով՝ $1մլրդ-ի լողացող եւ $1,5 մլրդ-ի ֆիքսված տոկոսադրույքներով պարտատոմսեր տեղաբաշխել: Բացի դա, 5 տարի ժամկետով կտեղաբաշխվեն $2 մլրդ-ի եւ $4 մլրդ-ի պարտատոմսեր՝ համապատասխանաբար լողացող եւ ֆիքսված տոկոսադրույքներով: 10 տարի ժամկետով եւ ֆիքսված տոկոսադրույքով կտեղաբաշխվեն $5,5 մլրդ-ի պարտատոմսեր, եւս $3 մլրդ-ի պարտատոմսեր կտեղաբաշխվեն 30 տարի ժամկետով: Նշված միջոցների մի մասը կուղղվի ընկերության բաժնետերերի վճարումների ծրագրի ֆինանսավորմանը, որի ընդհանուր ծավալը հասնում է 100 մլրդ-ի: Apple-ի զուտ շահույթը 2012-2013 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում (որն ավարտվել է ս.թ. մարտի 30-ին) կրճատվել է 8,3 տոկոսով եւ կազմել $22,62 մլրդ: Ինչպես նախօրեին հայտնել է Finmarket.ru-ն, վկայակոչելով Bloomberg-ը, գործարար Ալիշեր Ուսմանովը 100 մլն դոլար է ներդրել Apple-ի բաժնետոմսերի մեջ: «Ես հավատում եմ այս ընկերության ապագային, անգամ Սթիվ Ջոբսից հետո»,-հայտարարել է 59-ամյա միլիարդատերը, ավելացնելով, որ «երբ ընկերությունը իր շուկայական արժեքից կորցրեց $100 մլրդ՝ լավ ժամանակ է բաժնետոմսեր գնելու համար»: Tweet Դիտում՝ 3145