Երեւան:Մեդիամաքս: Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը Երեւանում հայտարարել է, որ հայ-թուրքական առեւտրատնտեսական կապերի զարգացումը կնպաստի պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Դիյաեդին Գեզերն այս մասին ասել է այսօր՝ ելույթ ունենալով Երեւանում մեկնարկած «Առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ եւ թուրք գործարար կանանց ֆորումին: «Հայ-թուրքական սահմանի բացումը եւ երկաթուղու վերագործարկումը լավ կանդրադառնան մեր երկրների միջեւ գործարար կապերի հաստատման եւ զարգացման վրա: Մենք գիտենք, որ Հայաստանում գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը սիրողական մակարդակի վրա են, մինչդեռ մեր երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Սահմանի բացումից հետո Հայաստանն իր արտաքին առեւտրի 65 %-ը կիրականացնի Թուրքիայի հետ»,- ասել է Դիարբեքիրի առեւտրի եւ արդյունաբերության պալատի ղեկավարը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի գործարարները պետք է շարունակական աշխատանք տանեն երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ սկսելով առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումից: Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նեւին Իլն իր խոսքում նկատել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակ է երրորդ երկրների մեղքով: «Մենք պատմական աշխատանք ենք տանում՝ փորձելով պատմական խնդիրները լուծել առեւտրի միջոցով: Անցյալի վերքերը պետք է բուժել, հարաբերությունները պետք է կարգավորվեն: Սա մեր պատասխանատվությունն է սերնդների առջեւ»,- ասել է Նեւին Իլը: Հայ եւ թուրք գործարար կանանց ֆորումը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (EDMC) ծրագիրը եւ «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը: Ֆորումի նպատակը թուրք գործարար կանանց Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային եւ մաքսային համակարգին ծանոթացնել է: Ֆորումին մասնակցում են 25 հայ եւ 30 թուրք կին գործարարներ, ովքեր քննարկում են գործնական կապերի հաստատման հնարավորությունները: Tweet Դիտում՝ 1425