Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի նիստ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ սոցիալական ինտեգրացված ծառայությունների ներդրման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում մի քանի ուղղություններով: Մասնավորապես, մշակվում են անհրաժեշտ մեթոդական նյութեր, որոնք պետք է կիրառվեն ինտեգրացված սոցիալական ծառայությունների կենտրոններում, ներդրվում են տեղեկատվական համակարգեր, իրականացվում տարածքային կենտրոնների վերանորոգում, աշխատողների ուսուցում և վերապատրաստում: Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում ներդրվելիք տարածքային 52 համալիր կենտրոններից 32-ի համար հատկացվել են տարածքներ, մնացածի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է առաջիկայում հանրապետությունում գործարկել մի քանի տարածքային կենտրոններ:Ծրագրի արդյունքում քաղաքացիները ցանկացած սոցիալական խնդրով պետք է դիմեն սոցիալական ինտեգրացված ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարան, ինչի համար մշակվել է դիմումների հաշվառման միասնական համակարգ: Ընդունարանը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով: Tweet Դիտում՝ 1461