Այսօր CONTACT վճարային համակարգի օպերատոր «ՌՈՒՍՍԼԱՎԲԱՆԿ»-ն ափսոսանք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի` Հայաստանում CONTACT-ի գործունեության թույլտվությունն ուժը կորցրած համարելու որոշման կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետությունում իր աշխատանքի ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում “ՌՈՒՍՍԼԱՎԲԱՆԿ” ԱԿԲ-ն, որպես CONTACT վճարային համակարգի օպերատոր, կատարել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, ինչպես նաեւ ֆինանսական շուկայի կարգավորիչների բոլոր իրավական պահանջները, եւ մինչ օրս Հայաստանի Հանրապետության ֆինանսական իշխանությունների, ինչպես նաեւ իր բազմաթիվ գործընկերների կողմից որեւէ ծանուցում չի ստացել պայմանագրային պարտավորությունների եւ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային համակարգերի գործունեության կանոնների խախտման վերաբերյալ: “ՌՈՒՍՍԼԱՎԲԱՆԿ” ԱԿԲ-ն չի ընդունում որոշման մեջ նշված արգելքի պատճառը, այն է “հայաստանյան մի շարք առեւտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթների խախտում եւ ՀՀ տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքի դադարեցում”, - գրված է հայտարարության մեջ: “ՌՈՒՍՍԼԱՎԲԱՆԿ” ԱԿԲ-ն ՀՀ ԿԲ-ի որոշումը գնահատում է որպես պրոտեկցիոնիստական միջոց, որն ուղղված է ֆինանսական շուկաներում մրցակցության ստիպողական սահմանափակմանը, մասնավորապես` դրամական փոխանցումների ոլորտում, ինչը միանշանակ կհանգեցնի հաճախորդների համար դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծառայությունների գների աճին: Ըստ մեզ, նման որոշումները էապես ազդում են երկրում ներդրումային գրավչության եւ բիզնեսի վարման պայմանների թափանցիկության վրա», - գրված է հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 6659