Երեւան/Մեդիամաքս/. Հունգարացի ներդրող Շանդոր Դեմյանը լատվիական NORVIK BANKA-ում ավելի քան 5 մլն եվրոյի ներդրում է կատարել եւ մտադիր է ավելացնել իր մասնակցությունը բանկի կապիտալում հաստատված ժամանակացույցի համաձայն: Այդ մասին հաղորդում է “Տելեգրաֆ” թերթը` վկայակոչելով Լատվիայի ֆինանսների եւ կապիտալի շուկայի հանձնաժողովը: «Ձեռնարկվել են անհրաժեշտ քայլերը ռազմավարական ներդրողի ներգրավման ուղղությամբ, ինչը թույլ կտա բիզնեսի երկարաժամկետ զարգացումն ապահովել», - ասել է Հանձնաժողովի ղեկավար Քրիստապ Զակուլիսը: Հունիսին` արձագանքելով NORVIK BANKA-ում կապիտալի բավարարության խնդիրներին, Հանձնաժողովը դադարեցրել էր բանկի կողմից վարկերի տրամադրումը: Բանկը հիմնադրվել է 1992 թվականին: 2006 թվականին բանկը ռազմավարական ներդրողների էր ներգրավել` ստանալով NORVIK BANKA անվանումը (մինչ այդ` LATEKO BANKA): Մինչեւ վերջերս բանկի հսկիչ փաթեթը պատկանում էր Straumborg ehf իսլանդական ընկերությանը: Բացի այդ, բանկի խոշոր բաժնետերեր էին Լատվիայի քաղաքացիներ Յուրի Շապուրովը եւ Անդրեյ Սվիրչենկովը: Հանձնաժողովի տվյալների համաձայն, այսօր բոլոր երեք բաժնետերերը NORVIK BANKA-ի կապիտալի միայն 10-20% ունեն: NORVIK խմբի մեջ մտնում է “Նորվիկ” հայկական ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը սկսել է գործել շուկայում 2006 թվականի երկրորդ կեսից: Tweet Դիտում՝ 6943