Տիգրան Սարգսյան. աղքատության ներկայիս մակարդակը վտանգավոր է

13.10.2012 | 04:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն  այսօր ասել է, որ աղքատության տեսակարար կշիռը Հայաստանում շուրջ 30 տոկոս է, «եւ դա վտանգավոր ցուցանիշ է»:

Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:

Ողջունելով ներկաներին` վարչապետը կարեւորել է տարբեր երկրներից ժամանած մասնագետների մասնակցությունը գիտաժողովին. «Այսպիսի համախմբումը բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայ տնտեսագետների հետ միասին քննարկենք արդիական խնդիրները, որոնք ծառացած են ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում ու աշխարհում եւ էական ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա»:

Խոսելով տնտեսության մարտահրավերների մասին, Տիգրան Սարգսյանն ասել է. 

«Տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ինդեքսը կարեւոր ցուցանիշներ են, բայց շատ ավելի կարեւոր է, որպեսզի մեր քաղաքացիները զգան տնտեսական աճն իրենց կենսամակարդակի վրա: Այդ տեսակետից դեռեւս մեծ անելիքներ ունենք, որովհետեւ մեր առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, եւ դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար: Վճարային հաշվեկշիռը, առեւտրային հաշվեկշիռը դեռեւս բավական մեծ ճեղքվածք ունեն, չնայած որ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին»:

Այս համատեքստում վարչապետը կարեւորել է համաշխարհային տնտեսական իրավիճակը եւ միջազգային զարգացման միտումները: «Այս 20 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես իրականացրել է բաց տնտեսական քաղաքականություն, եւ դա նշանակում է, որ պետք է աչալուրջ լինենք միջազգային ազդեցությունների տեսակետից», - ասել է վարչապետը:

Դիտում՝ 1743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW