Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը (ՀԱԳ(Գ)Մ) հանդես է եկել հայտարարությամբ, որով իր պատրաստակամությունն է հայտնել օգնել Հայաստան տեղափոխված սիրիահայերին եւ սիրիահայ գործարարներին, ովքեր ցանկանում են բիզնես ծավալել Հայաստանում:ՀԱԳ(Գ)Մ նախագահության նիստը սիրիահայերին աջակցելու վերաբերյալ որոշում է ընդունել՝ տրամադրել աշխատատեղեր կամ ստեղծել նոր աշխատատեղեր սիրիահայերի համար, աջակցել սիրիահայ գործարարներին Հայաստանում բիզնես հիմնելու, նրանց գործող բիզնեսը արտերկրից Հայաստան տեղափոխելու գործում, աջակցել Միության անդամ ընկերություններում ներդրումներ կատարել ցանկացողներին, նպաստել նրանց ինտեգրմանը Հայաստանում, կազմակերպել մասնագիտական սեմինարներ կամ վերաորակավորման դասընթացներ սկսնակ գործարարների համար, գործարարությամբ զբաղվողներին ծանոթացնել Հայաստանի տնտեսական օրենսդրությանը, աջակցել սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների վճարման գործում։«Միությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, համակարգվում են բոլոր տեղեկությունները եւ առաջարկությունները սիրիահայերի խնդիրները լուծելու համար։ Միաժամանակ՝ աշխատանքային խումբը համագործակցելու է ՀՀ Սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունների եւ խնդրին առնչվող պետական ու հասարակական տարբեր կառույցների հետ»,- հայտնել են Միությունում: Tweet Դիտում՝ 1590