ՀՀ պետբյուջեի եկամուտները 2012թ. հունվար-հուլիսին աճել են շուրջ 5%-ով

29.08.2012 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 505.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 516.7 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության 9-ամսյա ծրագրի կատարումը, համապատասխանաբար, 76.6%-ով եւ 72.4%-ով, այսօր ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:    

Նա տեղեկացրել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 23.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին (հարկերը, պետտուրքերը եւ սոցվճարները հունվար-հուլիսին կազմել են պետբյուջեի եկամուտների 94.3%-ը, 5.3% են կազմել այլ եկամուտները, 0.4%-ը՝ պաշտոնական դրամաշնորհները):

Հավաքագրված հարկերը, պետտուրքերը եւ սոցվճարները հունվար-հուլիսին աճել են 7.1%-ով կամ 31.7 մլրդ դրամով, ինչը, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եւ ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

ՀՀ պետբյուջեի ծախսերը հունվար-հուլիսին աճել են 4.9%-ով կամ 23.9 մլրդ դրամով:
Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ, պետբյուջեի հունվար-հուլիսի արդյունքներով 11.1 մլրդ-ի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 30.4 մլրդ դրամ, իսկ ներքինը՝ բացասական արժեքով է (-19.4 մլրդ դրամ): 

«Պետական պարտքը ծրագրային սահմաններում է, ամբողջությամբ կառավարելի, պետական մարմինների կողմից վճարումները կատարվել են ժամանակին եւ ամբողջ ծավալով: Բյուջեի կատարման ընթացքը այն վերանայելու մասին մտածելու առիթ չի տալիս», - ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Մեկնաբանելով Հայաստանի կառավարության կողմից ԱՄՀ հանդեպ պարտքը վերաֆինանսավորելու վերաբերյալ Fitch գործակալության կանխատեսումները՝ գլխավոր գանձապետն ասել է, որ ԱՄՀ հանդեպ Հայաստանի պարտքը համեմատաբար ծանր է, եւ կառավարությունը մշտապես փորձել է վերակառուցել այն: «Մի քանի տարի առաջ նման փորձ արել ենք, ավելի ծանր պայմաններով պարտքը վերաֆինանսավորել ենք ավելի մեղմ պայմաններով պարտքով, նույն ուղղությամբ աշխատում ենք հիմա»,- ասել է ՀՀ գլխավոր գանձապետը:

Անդրադառնալով այն հարցին, տուժել է արդյո՞ք Հայաստանը LIBOR տոկոսադրույքի ֆիքսումից, ինչի համար մեղադրվում են մի շարք միջազգային բանկեր, Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ LIBOR տոկոսադրույքին Հայաստանի արտաքին պարտքի կազմում կապված է միայն Ռուսաստանի հանդեպ $500 ունեցած պարտավորությունը, որը մեր երկրի արտաքին պարտքի ընդամենը 13,4%-ն է (Հայաստանի պետական պարտքը հուլիսի դրությամբ կազմում է $4 252 մլն, որից արտաքինը՝ 3708 մլն):

Դիտում՝ 4818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW