Երեւան: Մեդիամաքս: Բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, եւ մենք յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Օգոստոսի 25-ին առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ վարչապետը մատնանշել է այն հանգամանքը, որ ոլորտում, չնայած կայուն ֆինանսավորմանը եւ սոցփաթեթի ներդրմանը, 2012թ. առաջին կիսամյակում 4.4% նվազում է արձանագրվել, հայտնել են կառավարությունում: «Կարծում եմ, այստեղ մեկ բացատրություն գոյություն ունի՝ ավելացել է ստվերայնությունը: Այսինքն, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, եւ մենք յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք», - ասել է Տիգրան Սարգսյանը:Նա հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին իր գլխավորած գերատեսչությունում ներդնել մոնիթորինգային համակարգ եւ յուրաքանչյուր ամիս հանրապետության 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ, իսկ խոչընդոտների դեպքում անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ: Խորհրդակցությանը ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն առաջարկել է մշակել եւ իրականացնել բուժհիմնարկներում ստվերի դեմ պայքարի հստակ ծրագրեր: «Հանրապետության փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցը Երեւանի հզոր առողջապահական կենտրոններից ավելի մեծ հարկային մուտքեր է ապահովել», - նշել է ՊԵԿ նախագահը, որպես ոլորտում մեծ ստվերայնության ապացույց: Tweet Դիտում՝ 1626