Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում Վրաստանում գործունեություն սկսելու լուրերը:Բանկի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության խմբի ղեկավար Էլմիրա Ադամյանը Մեդիամաքս-ին ասել է, որ բանկի ղեկավարությունը նախկինում հայտնել էր արտերկրում գործունեություն ծավալելու բանկի մտադրությունների մասին, սակայն Վրաստան մուտք գործելու մասին որեւէ հայտարարություն չի արվել:Հունվարի 9-ին վրացական Business Georgia գործակալությունը, վկայակոչելով «Коммерсантъ FM» ռադիոկայանը, տեղեկություններ է տարածել, ըստ որոնց Ամերիաբանկը ծրագրում է մուտք գործել Վրաստանի բանկային շուկա` անկախ խաղացողի կարգավիճակում: Գործակալությունը հայտնել է, որ անցած տարի Ամերիաբանկը ծրագրում էր ձեռքբերել HSBC-Վրաստանի ակտիվները (HSBC-ն 2011-ին հայտարարել էր Վրաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին - Մեդիամաքս), սակայն հրաժարվել է այդ մտադրությունից, իսկ այժմ մտադիր է մտնել վրացական շուկա՝ առանձին խաղացողի կարգավիճակով, ինչի մասին պաշտոնապես կհայտարարի արդեն այս տարվա փետրվարին:Էլմիրա Ադամյանն ասել է, որ տեղեկություններ չունի այդ տեղեկությունների աղբյուրի վերաբերյալ: Tweet Դիտում՝ 3455