Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում այցելել է ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ:«Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի կառուցման հիմնական նպատակն է՝ ստեղծել ժամանակակից տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության եւ ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային եւ միջազգային կոնֆերանսներ, ուսումնական ծրագրեր` վերապատրաստվելու հնարավորություն ընձեռելով ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին: Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առեւտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային եւ ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ:Կենտրոնի տարածքում կգործի նաեւ տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 29 000քմ: Համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից` գլխավոր եւ տեխնիկական: Կենտրոնի բացումը նախատեսված է 2013 թվականի հունվարին:«Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում աշխատող ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների համար կառուցվում է նաեւ բազմաբնակարան բնակելի շենք՝ 64 ծառայողական բնակարանով՝ 6290քմ ընդհանուր բնակելի տարածքով: Շենքի առաջին հարկում նախագծված են մանկապարտեզ եւ առեւտրային տարածքներ, որոնցից կկարողանան օգտվել Դիլիջան քաղաքի բնակիչները եւս: ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերակառուցվում է նաեւ Դիլիջանի նախկին գրադարանի շենքը, որտեղ նախատեսվում է ստեղծել ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն: Դիլիջանում Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ վերջերս շահագործման հանձնված «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց: Հյուրանոցի շենքի հիմնանորոգումը տեւել է շուրջ 4 տարի, որի արդյունքում՝ վերակառուցման եւ տեխնիկական վերազինման համար ներդրվել է 7 մլն ԱՄՆ դոլար: Tweet Դիտում՝ 6404