Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 50%-ով փոխհատուցել մինչև 10 աշխատողներով եւ մինչեւ 100 մլն դրամ տարեկան հասույթով կամ ակտիվների հաշվեկշռային արժեքով ձեռնարկությունների կողմից արտահանվող ապրանքների սերտիֆիկացման վճարները:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, սերտիֆիկացման վճարների չափը խոչընդոտ է հանդիսանում փոքր ձեռնարկությունների համար, մասնավորապես, ԵՄ եւ ԱՄՆ արտահանում կազմակերպելու համար: «Ծրագիրը փորձնական է, այս տարի այն կիրականացվի էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին, եւ եթե հաջողվի, հաջորդ տարի այդ ծախսերը կառաջարկվի նախատեսել պետբյուջեով», - ասել է նախարարը:Որոշման համաձայն, 1 տարում սուբյեկտը կարող է ստանալ փոխհատուցում մեկ անգամ` տվյալ տարում ստացած սերտիֆիկատի համար ծախսած գումարի 50 տոկոսի չափով: Ընթացիկ եռամսյակում պետությունն այս փոխհատուցումների համար նախատեսել է 10 մլն դրամ: Փոխհատուցման ենթակա ծախսերը ներառում են լաբորատոր փորձարկումների եւ սերտիֆիկատի ստացման համար կատարված ծախսերը: Փոխհատուցում ստանալու համար տնտեսվարողները պետք է դիմեն Հայաստանի “Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն” հիմնադրամ: Կառավարության որոշմանը կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 3462