Երեւան: Մեդիամաքս: “Ավստրիական ավիաուղիներ”-ի ինքնաթիռներով Հայաստանից մեկնողների եւ ժամանողների թիվը 2010թ. ավելացել է 5%-ով եւ կազմել շուրջ 35 000 ուղեւոր, այսօր Երեւանում ասել է ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուկաս Նեգեդլին (Lucas Negedly):Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր հանդես գալով “Ավստրիական ավիաուղիների”՝ Հայաստանում գործունեության 10-ամյակին նվիրված ասուլիսում, Լուկաս Նեգեդլին ասել է, որ չնայած մրցակցային միջավայրին՝ ընկերությունը բավականին հարմարավետ է զգում իրեն Հայաստանում:Ավիաընկերության հիմնական շուկաների վաճառքի գծով տնօրեն Պատրիկ ՄաքԴերմոտը (Patrick McDermott) տեղեկացրել է, որ “Ավստրիական ավիաուղիները” հայաստանցի ուղեւորներին առաջարկում է շաբաթական 6 ուղիղ չվերթ Երեւանից Վիեննա: «Վիեննա ժամանելուց հետո ուղեւորները կգտնեն եվրոպական ամենամեծ օդային ցանցը` մեկ վայրում: Նրանք կարող են “Ավստրիական ավիաուղիների” հետ իրենց ճանապարհորդությունը շարունակել Եվրոպայի ավելի քան 100 ուղղությամբ կամ վայելել մեծ հեռավորությունների մեր չվերթներից ցանկացածը` դեպի Ասիա կամ Ամերիկա», - ասել է Պատրիկ ՄաքԴերմոտը` հավելելով, որ, ընդհանուր առմամբ, ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում աշխարհի ավելի քան 130 ուղղություններով:Նա տեղեկացրել է նաեւ, որ ի թիվս այլ ծառայությունների, ավիաընկերությունն առաջարկում է հայաստանյան հաճախորդներին իր «կարմիր տոմսը», որը թույլ է տալիս Երեւան-Վիեննա չվերթի տոմսերը վաղաժամ գնողներին ձեռքբերել այն սկսած €199-ից: Ներկայումս ընկերությունը Երեւան-Վիեննա-Երեւան ավիատոմսեր է առաջարկում սկսած 193 000 դրամից (€365):“Ավստրիական ավիաուղիների” ամառային չվացուցակով չվերթները Երեւանից Վիեննա իրականացվելու են ամեն օր /բացի հինգշաբթի օրերից/ առավոտյան ժամը 05:25-ին (չվերթի համարը՝ OS 642), իսկ հակառակ ուղղությամբ՝ ամեն օր /բացի չորեքշաբթի օրերից/ Վիեննայի ժամանակով 22:20-ին (չվերթի համարը՝ OS 641): Tweet Դիտում՝ 6285