Երեւան: Մեդիամաքս: Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է փոփոխությունները եւ լրացումները «Համահայկական բանկի մասին» օրենքում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության կողմից ներկայացված լրացումներն ու փոփոխությունները նախատեսում են, որ Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ/կամ անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:Ներկայացնելով նշված փոփոխությունները` ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ասել է, որ նշված մոտեցումները մշակվել են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համահայկական բանկն ունի յուրահատուկ առաքելություն եւ տրամադրելու է մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր կամ ներդրումներ:Փոփոխությունների համաձայն, «Համահայկական բանկը» կարող է նաեւ պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում` պարտատոմսերով եւ դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրավված միջոցների չափը պետք է գերազանցի 100 մլն դրամը:Համահայկական բանկն առայօր ձեւավորված չէ: Tweet Դիտում՝ 5937