Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն այսօր ասել է, որ տնտեսական աճի զրոյական ցուցանիշը վառ արտացոլում է ՀՀ տնտեսության իրավիճակը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011թ. մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Արա Նռանյանը կարծիք է հայտնել, որ ՀՆԱ նախորդ տարվա աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված էր մետաղի գների աճով, իսկ Հայաստանի տնտեսությունը «շարունակում էր տեղում դոփել»: «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը նշել է, որ քանի դեռ կառավարությունը չի կարողանում տարբերել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի ներքին խնդիրներից, տնտեսությունը տեղից չի շարժվի: «ԱՊՀ որոշ երկրներ զգալիորեն շահեցին համաշխարհային ճգնաժամից` ապահովելով խորհրդանշական գներով սարքավորումների զանգվածային ներկրում այն զարգացած երկրներից, որտեղ ճգնաժամն ունեցել էր անմիջական ազդեցություն: Ակնհայտ է, որ Հայաստանը չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից եւ արդիականացնել իր տնտեսությունը, քանի որ մեր իշխանությունները հարկային արտոնություններ են տվեցին միայն խոշոր ընկերություններին, որոնք ներկրել են $ 1 մլն եւ ավել արժեք ունեցող սարքավորումներ»,- ասել է Թաթուլ Մանասերյանը: Tweet Դիտում՝ 5816