Երեւան, Մեդիամաքս: Համաշխարհային բանկը /ՀԲ/ լիովին խրախուսում է գնաճի դեմ պայքարին ուղղված ՀՀ կառավարության միջոցառումները, այսօր Երեւանում հայտարարել է ՀԲ երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ժան Միշել Հափին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ժան Միշել Հափին կարծիք է հայտնել, որ ՀՀ Կենտրոնական բանկին /ԿԲ/ կհաջողվի մինչեւ տարեվերջ ապահովել գնաճի թիրախային ցուցանիշը (4% +/- 1.5%): Ժան Միշել Հափին նշել է, որ չնայած դրամավարկային քաղաքականության խստացմանը, ՀԲ-ն չի վերանայում ընթացիկ տարվա ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը (4-5%): «Մենք մշտապես աշխատում ենք ՀՀ կառավարության հետ գնաճի դեմ պայքարի միջոցառումների` մոնետար քաղաքականության եւ կառուցվածքային բարեփոխումների հավասարակշռման նպատակով»,- ասել է ՀԲ ներկայացուցիչը: Նա նշել է, որ ՀՀ կառավարության ձեռնարկած գների վերահսկողությունը, եթե դրանք 30-օրյա ժամկետում աճեն 30 եւ ավել տոկոսով, կարող է հանգեցնել դրական արդյունքների միայն կարճաժամկետ հեռանկարում, «սակայն կարգավորման նման միջոցառումների ազդեցությունը այն ոլորտների վրա, որտեղ առկա է մրցակցություն, երկարաժամկետ հեռանկարում կարող է բացասական լինել»: Ժան Միշել Հափին ընդգծել է կառավարության լրացուցիչ քայլերի անհրաժեշտությունը` ուղղված, մի կողմից, տնտեսության արտադրողականությունն ավելացնելուն, մյուս կողմից, ոչ մի հակամրցակցային դրսեւորում թույլ չտալուն, որը կարող է հանգեցնել գների աճին: «Անհրաժեշտ է լիարժեք ուսումնասիրել այն գործոնները, որոնք հանգեցնում են գների աճին, եւ եթե պարզվի, որ թանկացումը պայմանավորված է անհավասար մրցակցությամբ, անհրաժեշտ է աշխատել դրա բարելավման ուղղությամբ»,- ասել է Ժան Միշել Հափին: Tweet Դիտում՝ 6682