“Լրջագույն” անելիքներ ունենք ազատ մրցակցության ապահովման համար, ասել է վարչապետը

21.03.2011 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ “լրջագույն անելիքներ ունենք ազատ մրցակցության ապահովման ոլորտում”:

Այսօր Երեւանում մեկնարկել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումները: Միջոցառմանը հրավիրվել են ԱՊՀ եւ եվրոպական ավելի քան 15 երկրների հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ ՄԱԿ-ի փորձագետները անցած տարվա ընթացքում ուսումնասիրել են մեր երկրի մրցակցային իրավիճակը եւ ներկայացրել փորձագիտական զեկույց, որում ներկայացված են բազմաթիվ առաջարկություններ եւ խորհուրդներ: 

Նա նշել է , որ միջոցառումների մասնակիցների հետ քննարկվելու են ոլորտի զարգացումների առաջնային ուղղությունները եւ ազատ մրցակցային դաշտ ապահովելու համար նոր մոտեցումները:
 
Այսօրվա միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասել է, որ մի կողմից սա հնարավորություն է ներկայացնելու ՏՄՊՊՀ ձեռքբերումները, մյուս կողմից` նախանշելու հետագա անելիքները:

“Գաղտնիք չէ, որ մեր նման երկրներում, որոնք գտնվում են շուկայական տնտեսության ձեւավորման փուլում, մրցակցությունն ունի գերակա նշանակություն: Համար մեկ խնդիրն այն է, որ լրջագույն անելիքներ ունենք ազատ մրցակցության ապահովման ոլորտում”,-ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նաեւ  նշել է , որ ՀՀ-ում առկա են մի քանի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են ազատ մրցակցությանը, այդ թվում` հարկային եւ մաքսային վարչարարության խնդիրը, ձեռնարկությունների գործունեության թափանցիկության հարցը, կոռուպցիոն ռիսկերը, հանրության վերաբերմունքի խնդիրը, ինչպես նաեւ երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ հավելել, որ այս բոլոր ուղղություններով ձեռնարկվում են միջոցառումներ, կատարվում են օրենսդրական փոփոխություններ:

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով (ՄԱԱԶԾ) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիչպակդին իր հերթին ասել է, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն հայաստանյան տնտեսության առանձնահատկություններից է ոչ պաշտոնական, ստվերային տնտեսության մեծ բաժինը, եւ  ՏՄՊՊՀ –ն պետք է ոչ միայն  վերահսկողի դերում լինի, այլ նաեւ ջանքեր գործադրի օրենսդրական փոփոխությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Դիտում՝ 5924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW