Երեւան/Մեդիամաքս/. «Լինսի» բարեգործական հիմնադրամը, որը հիմնվել էր ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կողմից, դադարեցնում է իր գործունեությունը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախօրեին Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր Ջեն Բլոկը եւ «Լինսի» հիմնադրամի հիմնադիր Քըրք Քըրքորյանը հայտարարել են UCLA-ում «Երազանք» հիմնադրամի ստեղծման մասին: Այդ համայնքային հիմնադրամը կօժանդակի Կալիֆոռնիայի համալսարանում բժշկական հետազոտություններին եւ ակադեմիական ծրագրերին, ինչպես նաեւ ԱՄՆ տարածքում բարեգործական նախագծերին: «Լինսին» «Երազանք» հիմնադրամին կփոխանցի իր բոլոր ակտիվները` շուրջ $200 մլն: Բոլոր պաշտոնական գործողությունների ավարտից հետո «Լինսի» հիմնադրամը կդադարեցնի իր գործունեությունը: Մեդիամաքս գործակալությունը հիշեցնում է, որ 1998թ. հուլիսին ՀՀ կառավարությունը եւ «Լինսի» հիմնադրամը պայմանագիր էին ստորագրել, որի համաձայն, հիմնադրամը $100 մլն էր հատկացրել Հայաստանում մասնավոր ձեռնարկատիրության զարգացման վարկային ծրագրի իրականացմանը: Գումարը Հայաստանին էր տրամադրվել անտոկոս վարկի տեսքով եւ բաշխվել էր տեղի առեւտրային բանկերի միջեւ: 2010թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը եւ «Լինսի» հիմնադրամը ստորագրել էին հուշագիր հայաստանյան տնտեսության զարգացման նպատակով հիմնադրամի կողմից $165 մլն-ի տրամադրման մասին: Այդ միջոցներով Հայաստանում իրագործվեցին մի շարք լայնածավալ ծրագրեր. - բնակարանաշինություն 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած շրջաններում;- ՀՀ ավտոճանապարհային ցանցի բարելավում; - ավելի քան 2 տասնյակ մշակութային օջախների վերակառուցում եւ վերանորոգում; - Երեւանի կենտրոնի բարեկարգում: Այս տարվա փետրվարի սկզբին «Լինսի» հիմնադրամը $10.5 մլն նվիրաբերեց Միացյալ հայկական հիմնադրամին, եւ այդ գումարի մեծ մասը տրամադրվելու է Սպիտակի երկրաշարժի գոտում դպրոցների վերանորոգմանը: Tweet Դիտում՝ 13331