Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհուրդը այսօրվա նիստում որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 7.75%: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, հունվարին Հայաստանում 2.8% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 10.6%` պարենային ապրանքների գների աճի բավականին բարձր` 8.8 տոկոսային կետի նպաստմամբ: ԿԲ խորհուրդը կարծում է, որ գնաճային միջավայրը շարունակելու է ընդլայնվել` կապված պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում հիմնարարներից բխող կանխատեսվող լարվածության պահպանման եւ գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով դեռեւս պահպանվող բարձր գների հետ: Խորհուրդը գտնում է, որ չնայած ներկայումս ներքին պահանջարկի վերականգնումը գնաճային ճնշումներ չի ձեւավորում, սակայն տնտեսության զարգացման կանխատեսվող միտումները, նախորդ տարվա ընթացքում արձանագրված բարձր գնաճի երկրորդային ազդեցությունների ուժգնացումն ու գնաճային սպասումների ավելացումը գնաճային նոր ռիսկեր են առաջացնում: Այդ համատեքստում ԿԲ-ն կարեւորում է գնաճի կանխատեսվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը, «ինչը պետական այլ կառույցների հետ մեկտեղ հակագնաճային միջոցառումների իրականացման ներքո նախադրյալներ կստեղծի գնաճը 2011թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար»: Tweet Դիտում՝ 7785