Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 1-ին ձյան առատ տեղումների պատճառով Հայաստանի ճանապարհներին կտրուկ ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւ, արդյունքում, ԱՊՊԱ ապահովագրական դեպքերի քանակը: Այսօր ավտոքաղաքացիական պատասխանատվությունն ապահովագրող բոլոր ընկերություններում Մեդիամաքս-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ փետրվարի 1-ին 8 ապահովագրական ընկերություններ ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 710 ահազանգ ՃՏՊ վերաբերյալ: Ամենաշատ զանգերը երեկ գրանցվել են «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում (360 զանգ, արձանագրված ՃՏՊ-ների թիվը` 115): Ընկերությունում նշել են, որ նշված դեպքերի ապահովավճարների գումարը կարող է հասնել 20 մլն դրամի: ՃՏՊ առիթով զգալի քանակությամբ զանգեր են ստացել նաեւ «ԻՆԳՈ Արմենիա» (124 զանգ, որից 79-ը` Երեւանում), «Նաիրի Ինշուրանս» (70 զանգ), «ՌԵՍՈ» (46 զանգ) եւ «Գարանտ Լիմենս» (ավելի քան 40 զանգ) ընկերությունները: «ՍԻԼ Ինշուրանսը» փետրվարի 1-ին ստացել է 28 զանգ, «Կասկադ Ինշուրանսը»` 20 (ինչպես նաեւ հատուցում ստանալու 14 հայտ), իսկ «ՌԱՍԿՈ» ընկերությունը` 17 զանգ: Ապահովագրական ընկերություններ դիմածների ավելի քան կեսը արդեն ԱՊՊԱ հատուցում ստանալու հայտեր է ներկայացրել: Ընկերություններում նշել են, որ հունվարին ստացված զանգերի միջին օրական ծավալի համեմատ փետրվարի 1-ին դիմումների քանակն ավելացել է 2-ից 7 անգամ: ՀՀ Ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը այսօր Մեդիամաքս-ին հայտնել է, որ փետրվարի 1-ին հանրապետության տարածքում գրանցվել է 8 ճանապարհատրանսպորտային պատահար` մարմնական վնասվածքի 9 ելքով: Tweet Դիտում՝ 11072