Երեւան/Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն 2011թ-ին կշարունակի առեւտրային համակարգի արդիականացումը եւ կերկարացնի գործարքների ժամկետը միջբանկային վարկային ռեսուրսների հարթակում, այսօր հայտարարել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Արմեն Մելիքյանն ասել է, որ միջբանկային վարկային ռեսուրսների առեւտրային հարթակի գործարկումը եղել է 2010թ. բորսայի գլխավոր նվաճումներից մեկը: «Այդ հարթակն այժմ ամենաակտիվն է բորսայում, որտեղ ձեւավորվում է մեկօրյա (օվերնայթ) միջբանկային վարկային ռեսուրսների արժեքը»,- ասել է Արմեն Մելիքյանը` հավելելով, որ 2010թ. ապրիլին բորսայում այդ հարթակի բացման պահից մինչեւ տարեվերջ այնտեղ կնքվել է շուրջ 576 մլրդ դրամի 1743 գործարք: Արմեն Մելիքյանը նշել է նաեւ բաժնետոմսերի շուկայում առեւտրի 30% աճի ուշագրավությունը: «Դա բավականին լավ ցուցանիշ է` հաշվի առնելով, որ 2006 թվականից սկսած այդ շուկայում առեւտուրը տարեցտարի ցուցադրել է բացասական դինամիկա»,- ասել է նա: Նախորդ տարի դրական առաջընթաց է նկատվել նաեւ պետական պարտատոմսերի շուկայում, որտեղ առեւտրի ծավալը կրկնապատկվել է` հասնելով 5,6 մլրդ դրամի: Կորպորատիվ պարտատոմսերով առեւտրի ծավալը, հակառակը, կրճատվել է 70%-ով` կազմելով 2.8 մլրդ դրամ: Մեկ տարվա ընթացքում ցուցակվել է պարտատոմսերի 3 թողարկում` 2.25 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: 2010թ. արտարժույթի շուկայում առեւտրի ծավալը 2009թ. համեմատ կրճատվել է 24.4%-ով` կազմելով $754.4 մլն: Անկում է արձանագրվել նաեւ ռեպո գործարքների շուկայում (26%, 3.8 մլրդ դրամ): Tweet Դիտում՝ 7755