Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” ամփոփել է “Հայաստանի բանկային համակարգը 100 տարի անց” թեմայով ուսանողական էսսեների մրցույթի արդյունքները: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, “Ամերիաբանկի” զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ ժյուրիի անդամները հաճելիորեն զարմացած են ուսանողների աշխատանքներից, որոնք բարձր պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել տվյալ մրցույթին եւ հանգամանորեն պատրաստվել են դրան: “Ամերիաբանկի” մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի պետ Արմինե Ղազարյանի խոսքերով, մրցույթին մասնակցել են Հայաստանի 5 բուհերի ուսանողներ: Ստացվել է 52 աշխատանք, որոնցից առաջին 3-ը ստացել են, համապատասխանաբար, 300 հազար, 200 հազար եւ 100 հազար դրամ: Առաջին տեղը զբաղեցրել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանող Էդգար Հովհաննիսյանի, երկրորդ` նույնպես ԵՊՀ ուսանողուհի Լենա Հովհաննիսյանի, իսկ երրորդը` Երեւանի տնտեսագիտական համալսարանի ուսանող Մանուկ Խուդոյանի աշխատանքը: Մնացած մասնակիցները հուշանվերներ են ստացել բանկից: Մրցույթի մասնակիցներին առաջարկվել է նաեւ երկարաժամկետ պրակտիկա անցնել «Ամերիաբանկում»` հետագայում աշխատանքի տեղավորման հնարավորությամբ: Tweet Դիտում՝ 7543