Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ 2013թ. Հայաստանը մտադիր է ընդգրկվել երկրների քսանյակում բիզնես վարելու հեշտության ցուցանիշով, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Այսօր Երեւանում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» ֆորումում Ներսես Երիցյանը ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ծրագիրը` նշելով, որ կառավարությունը բաց է երկխոսության համար եւ պատրաստ է ցուցաբերել ճկունություն` ելնելով տնտեսության այս կամ այն հատվածի կարիքներից: Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, փոխակերպելով իր գործարար միջավայրը, ավելի շատ կողմնորոշվում է ոչ թե այլ երկրների փորձի, այլ` սեփական առանձնահատկությունների եւ սխալների վրա: Մեդիամաքս-ի թղթակցի հետ խոսելով առաջնահերթ ուղղությունների մասին, որոնք հիմք կծառայեն Հայաստանում բիզնես վարելու պայմանների պարզեցման համար, Ներսես Երիցյանն ասել է, որ հիմնական շեշտը կդրվի ձեռնարկությունների հաշվետվությունների բեռի թեթեւացման եւ շինարարության համար թույլտվությունների տրամադրման վրա: Պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀՀ կառավարությունը չի ցանկանում հետեւել Վրաստանի օրինակին բիզնես վարելու պայմանների պարզեցման ոլորտում, Ներսես Երիցյանն ասել է, որ «կան ներդրումներ, որոնց համար անհրաժեշտ է լավագույն կարգավորում, այլ ոչ թե ամբողջական ազատականացում»: Նրա խոսքերով, ՀՀ կառավարության խնդիրն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք կնպաստեն երկրի տնտեսության որակյալ փոխակերպմանը, հատկապես` խոշոր անդրազգային կորպորացիաների ներգրավմանն ու Հայաստանում ծնվող գաղափարների իրագործման համար ներդրումների ապահովմանը: «Բիզնես վարելու պայմանների բարելավումը դեռեւս չի նշանակում այդ ներդրումների ներգրավում կամ տնտեսության որակյալ փոխակերպման խնդրի լուծում»,- ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 12676