Երեւան/Մեդիամաքս/. Ավարտվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 17 ենթակայանների վերազինման նախագիծը: Ծրագիրն իրականացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից չինական HPCC ընկերության հետ համատեղ: Նախագծի ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարությունը ներգրավել էր $35 մլն վարկային միջոցներ, որոնք տրամադրել էր Միջազգային համագործակցության ճապոնական բանկը: Հաշվի առնելով «ՀԷՑ» ՓԲԸ նախագծի համաֆինանսավորումը` ենթակայանների վերակառուցման ուղղությամբ ծախսվել է ընդհանուր առմամբ շուրջ $45 մլն: 110 կՎ լարմամբ 101 ենթակայաններից վերականգնողական աշխատանքների անցկացման համար ընտրվել էին 17-ը: Դրանցից 12-ը գտնվում են Երեւանում, իսկ 5-ը` Աբովյան, Ապարան, Էջմիածին, Արմավիր եւ Սոտք քաղաքներում: Ենթակայանների ընտրության համար չափանիշ են հանդիսացել դրանց մաշվածության ցուցանիշն ու ծանրաբեռնվածության աստիճանը: Վերակառուցման ծրագիրն իրականացվել է մի քանի փուլով, որոնցից յուրաքանչյուրը ներառել է 4 էլեկտրակայանի վերանորոգում: Ծրագրի իրականացումը կհանգեցնի արդիականացվող ենթակայաններում տեխնիկական կորուստների եւ շահագործման ծախսերի կրճատմանը, ինչպես նաեւ դրանց կառավարելիության բարձրացմանը: Tweet Դիտում՝ 18586