Երեւան/Մեդիամաքս/. Ինֆլյացիան եւ հարկային բեռի ավելացումը ամենավատ փոփոխություններն են, որոնք տեղի են ունեցել ՀՀ ներկայիս կառավարության գործունեության ընթացքում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդպես է կարծում ՀՀ կառավարության պատվերով այս տարվա սեպտեմբերին «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից 1619 հարցվածների միջեւ (որից 571` Երեւանում, 1048` մարզերում) անցկացված հարցման մասնակիցների 39,8%-ը: Ամենավատ փոփոխությունների մեջ երկրորդ եւ երրորդ տեղում են գործազրկությունը (8.8%) եւ անօրինությունը, կոռուպցիան ու մենաշնորհները (7.6%): Այլ բացասական փոփոխությունների թվում են կենսամակարդակի վատթարացումը, կրթական համակարգի բարեփոխումները (մասնավորապես, օտարալեզու դպրոցների բացումը եւ բուհերում անվճար տեղերի կրճատումը), իշխանությունների կողմից խոստումները չկատարելը, մարդու իրավունքների սահմանափակումները եւ ոչ գրագետ արտաքին քաղաքականությունը: Միաժամանակ, ՀՀ ներկայիս կառավարության օրոք արձանագրված արտաքին քաղաքականությունը հիմնական դրական առաջընթացների ցանկում գտնվում է երկրորդ տեղում. ՀՀ արտաքին քաղաքականությունը խրախուսել է հարցվածների 7.4%-ը: Նույնքան հարցվածներ որպես վերջին 2,5 տարիների դրական առաջընթաց նշել են օրենքի գերակայության դեպքերի հաճախակիացումը եւ կաշառակերության կրճատումը: Գլխավոր դրական առաջընթացը համարվում է բնակարանների, դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությունը: Tweet Դիտում՝ 10684